AM
14 September 2024 - 08:53 AMT

ԳԴՀ ՊՆ ղեկավար․ Միջազգային իրավունքը թույլ է տալիս խորքային հարվածներ հասցնել ՌԴ–ին

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանում թիրախների խոցման համար Ուկրաինայի կողմից հեռահար զենքի կիրառման թույլտվությունըՆԱՏՕ-ի գործընկերների կողմից, միջազգային իրավունքի շրջանակներում է։ Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում իր լիտվացի պաշտոնակից Լաուրինաս Կասչյունասի հետ հանդիպմանը։

«Միջազգային իրավունքը դա թույլ է տալիս»,- ասել է Պիստորիուսը, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա պարզաբանել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ազատ են «այդպես որոշել» Կիևին մատակարարած զենքի հարցում։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն սպառնալիքներին, թե նման թույլտվությունը կնշանակի, որ ՆԱՏՕ-ն պատերազմի մասնակից է դառնում՝ Պիստորիուսն ասել է, որ Պուտինը վերջին տարիներին բազմիցս է սպառնացել արևմտյան երկրներին՝ կասեցնելու համար աջակցությունն Ուկրաինային, սակայն դա չպետք է ազդի Կիևին տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելու վրա։

«Պուտինի սպառնալիքները դրանք Պուտինի սպառնալիքներն են։ Սա այն ամենն է, ինչ պետք է ասել։ Նա սպառնում է, երբ ցանկանում է և գրավում, երբ անհրաժեշտ է համարում»,–ասել է Պիստորիուսը։

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինայում պատերազմի ֆոնին որոշել է ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը և Բունդեսվերի մոտ 5000 հոգանոց բրիգադ տեղակայել Լիտվայում։