AM
18 September 2024 - 07:23 AMT

Լիբանանում փեյջերների պայթյուններից «Հեզբոլլահի» հազարավոր անդամներ են տուժել, զոհեր կան․ Իրանի դեսպանը ևս վիրավոր է

Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյուններից «Հեզբոլլահ» զինված կազմակերպության հազարավոր անդամներ են վիրավորվել, կան նաև զոհեր։ Առնվազն 9 մարդ է զոհվել։ Խմբավորմանը մոտ աղբյուրը AFP-ին հայտնել է, որ զոհվել է «Հեզբոլլահի» անդամներից մեկի 10–ամյա դուստրը։

Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը հաստատել է, որ փեյջերները պատկանել են «Հեզբոլլահի» տարբեր «հաստատությունների աշխատակիցներին» և որ նրանցից 8–ը զոհվել է։ Վիրավորում է ստացել մոտ 2800 մարդ, գրում է BBC-ն։

Վիրավորների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպանը։

«Հեզբոլլահը» մեղադրել է Իսրայելին «հանցավոր ագրեսիայի» մեջ և «արդար հատուցումով» սպառնացել։ Իսրայելի զինվորականները լիբանանյան պայթյունները չեն մեկնաբանել։

Աղբյուրները Լիբանանի անվտանգության ծառայություններում նշել են, որ «Հեզբոլլահի» կողմից կապի համար օգտագործվող փեյջերները կարող էին կոտրել Իսրայելի հատուկ ծառայությունները։

Wall Street Journal–ը սեփական աղբյուրների վրա հղումով գրել է, որ պայթեցված փեյջերները նոր ստացած խմբաքանակից էին։ «Հեզբոլլահը» վաղուց է հրաջաժվել բջջային հեռախոսներից՝ դրանք համարելով շատ խոցելի։