Ադրբեջանական իշխանությունները այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ տարել են Արցախի օկուպացվախ տարածքներ, այդ թվում Դադիվանք՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական կոթող»։
Հաջիևը X-ի իր միկրոբլոգում գրել է, թե հայերը «աղավաղել են կոթողի նախնական տեսքը» և ներկայացնում են այն որպես հայկական վանք, հայտնում է APA-ն։
Նա հայտարարել է, թե Ադրբեջանում «պետության կողմից պահպանվում և վերականգնվում են բոլոր կրոնական և մշակութային կոթողները»՝ նշելով, թե Դադիվանքն էլ է «վերականգնվելու իր նախնական պատմական տեսքով»։
44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո, սակայն հետո նրանք հեռացան այնտեղից՝ «պաշտպանությունը Ադրբեջանի ոստիկանությանը փոխանցելով»։ Նրանք հայտարարել էին, որ վանքին որևէ վտանգ չի սպառնում։ Ադրբեջանը պարբերաբար և հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Դադիվանքը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային հուշարձաններ ներկայացնելով որպես ալբանական (աղվանական)։