AM
18 September 2024 - 13:42 AMT

Սողոմոնյան. Որոշել եմ վաճառել «Փյունիկը» և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը

«Փյունիկ» ՖԱ նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկը» և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Նա նշել է, որ գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի:

«Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Սողոմոնյանը նշել է, որ վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

«Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում»,–ասել է նա։

Միևնույն ժամանակ Սողոմոնյանը հայտարարել է, որ չի հեռանում հայկական սպորտից և կշարունակի ներդրումներ անել, քանի որ կարծում է, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:

«Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ»,–ասել է նա։