Սեպտեմբերի 17–ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով մեկնել է Իրան։ Այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպմանը նա նրան է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։
Հանդիպումն անցել է Թեհրանում։ ՊՈւտինի ուղերձից բացի, Շոյգուն Փեզեշկիանին է ն երկայացրել «զեկույցը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,–գրում է ՏԱՍՍ–ը IRIB իրանական հեռուստաալիքի վրա հղումով։
Փեզեշկիանը Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և ՌԴ հարաբերություններն անպայման զարգանալու են, իսկ գործակցության խորացումը թույլ կտա նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը երկու երկրների վրա։ Նա հույս է հայտնել, որ գործակցությունն արդյունավետ կլինի նաև ԲՐԻԿՍ–ի շրջանակում։
Իրանի նախագահը հավելել է, որ սպասում է հանդիպման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ–ի համաժողովի շրջանակում։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 11–ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը՝ նշելով, թե ապաշրջափակման հարցը վաղուց կարելի էր լուծել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։