Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը երկրում հավատարմագրված դիվանագետներին տարել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառ, կրկին խոսել է խաղաղության համաձայնագիր կնքելու Ադրբեջանի պայմանների մասին։
Նա կրկնել է այն թեզը, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի իրր Սահմանադրությունը՝ շեշտելով, որ դա պետք է արվի հանրաքվեի միջոցով, որից հետո արդեն բանակցային գործընթացը կարող է ավելի արագ առաջ ընթանալ, գրում է Haqqin.az-ը։
Ըստ նրա, հայ ժողովուրդը պետք է հայտնի իր դիրքորոշումը։
«Հայ ժողովուրդը պետք է վերջ դնի Ղարաբաղը Հայաստանին միացնելու իր ուտոպիստական նկրտումներին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու ցանկությունը․․․Տարածքային պահանջների առկայությունը ՀՀ Սահմանադրության մեջ մեզ անհանգստացնում են»,–ասել է նա։
Հաջիևն ասել է, որ սովորաբար խաղաղության պայմանգրերը կնքվում են ոչ միայն կառավարության, այլ նաև ժողովրդի հետ։
«Մեր ակնկալիքն այն է, որ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, կիրականացվեն հանրաքվեի միջոցով»,–ասել է նա։
Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և կապակցված կառույցների աշխատանքը պետք է ամբողջությամբ դադարեցնել։
«Ադրբեջանական կողմն առաջարկել է Հայաստանին միասնականություն ցուցաբերել այդ հարցում ԵԱՀԿ շրջանակում, սակայն Մինսկի խումբը պահպանելու Երևանի ջանքերը կարող են վկայել այլ մտադրությունների մասին»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։