Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ սեպտեմբերի 19–ի հայտարարությունը։
Մեկնաբանության մեջ ասվում է, թե «անթույլատրելի է, որ Հայաստանի ԱԳՆ–ն որպես «Լեռնային Ղարաբաղի վրա հարձակում» և «էթնիկ զտում» է ներկայացնում Հայաստանի զինված ուժերի զինաթափումն ու դուրսբերումը Ղարաբաղի և լոկալ հակաահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված էին Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանդրական կարգի վերականգնմանը», գրում է Minval.az-ը։
Ըստ Հաջիզադեի, Հայաստանը «հորինված Լեռնային Ղարաբաղ անվանումով կոչելով Ղարաբաղը, չի հարգում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բնակչության տեղահանման տարելիցի առնչությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Նշվում է, որ այս տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։