AM
20 September 2024 - 06:35 AMT

ԵԽ պատգամավորների կոչը՝ կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում

Եվրախորհրդարանի մի խումբ սոցիալիստ և դեմոկրատ պատգամավորներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի և այլ քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը։ Հայտարարությունն ընդունվել է քաղաքական գործչի դստեր՝ Ժալյա Բայրամովայի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԵՄ-ի և Բաքվի միջև կնքված գազային գործարքը, որն ուղղակիորեն հակասում է մեր կլիմայական հավակնություններին և հիմնարար սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

COP 29-ի նախաշեմին փաստաթղթի հեղինակները կոչ են արել ԵՄ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներին առաջին տեղում դնել մարդու իրավունքների խնդիրները։

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են «անհապաղ և անվերապահ հանել Գուբադ Իբադօղլուին ուղղված բոլոր մեղադրանքները և ազատ արձակել նրան, որպեսզի նա ստանա այն բժշկական օգնությունը, որի կարիքն ունի։ Նշվում է նաև, որ նրա առողջական վիճակը պահանջում է շտապ բժշկական օգնություն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան Իբադօղլուին լքել երկիրը՝ արտերկրում բուժման նպատակով։

Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։