AM
20 September 2024 - 08:43 AMT

Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ–ին անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Այդ մասին հայտնել է IRNA–ն:

Փեզեշքիանն առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, հայտնում է Արմենպրեսը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում:

Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին:

Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են: