AM
20 September 2024 - 09:15 AMT

Զախարովան՝ ՀՀ–ում հեղաշրջման փորձին ՌԴ մասնակցության մասին․ Հուսով եմ` Comedy Club–ի փակման պատճառը դա՞ չէ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը, թե հանրապետությունում իշխանությունը զինված ճանապարհով զավթելու խումբ է բացահայտվել, որը նախապատրաստվել է Ռուսաստանում։

«Հուսով եմ, դա՞ չէ Comedy Club–ի փակման պատճառը»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ՔԿ հայտարարության մեջ չի ասվում, թե Ռուսաստանի Դաշնությունում, Երևանի կարծիքով, ով է զբաղվել նման նախապատրաստական աշխատանքներով, և որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել։

ՀՀ ՔԿ–ն հայտնել էր, որ բացահայտվել է իշխանությունը զավթելու փորձ, խմբի անդամները պատրաստվել են ՌԴ-ում։ Քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նշվում է, որ վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական մոտ 220,000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրվել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: