AM
20 September 2024 - 10:29 AMT

Ալիևը Ստեփանակերտում հայտարարել է, թե «հայերը երբեք չեն ապրել Ղարաբաղում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և էթնիկ զտման օրը տոն է հայտարարել, Ստեփանակերտում՝ հայ սերունդներ կթած Արցախի համալսարանում, հայտարարել է, թե «հայերը երբեք չեն ապրել Ղարաբաղի հողի վրա»։

Ըստ նրա, աշխարհում բոլորը գիտեն, որ Ստեփանակերտը «հինավուրց ադրբեջանական բնակավայր է եղել», գրում է APA-ն։

Նա ասել է, թե հայերը սկսել են զանգվածաբար բնակվել այդ հողերում 19-րդ դարում՝ Գյուլիստանի և Թուրքմանչայի պայմանագրերից հետո, «ուղղակի Հայաստանն ու հայ գիտնականները կեղծել են պատմությունը և իրենց լոբբիստական ցանցերի միջոցով կարողացել են որոշ չափով մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Ադրբեջանի իշխանությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի անմիջական ցուցումով, ոչ միայն ոչնչացնում կամ «յուրացնում է» հայկական հարսւոտ պատմամշակութային ժառանգությունը, որ 2020–ի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ սկսել է յուրացնել ու իրեն վերագրել ավելի նորագույն ժամանակների քաղաքաներն ու կառույցները, որոնցից մեկը Ստեփանակերտի համալսարանն է, որը բացվել է «վերակառուցումից հետո և այժմ կոչվում է Ղարաբաղի համալսարան»։

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, որը հայտնի է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանմամբ, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ Ստեփանակերտի փողոցները լցված են հայերի տների իրերով: Բազմաթիվ բիզնեսներ, հայկական ռեստորաններ, խանութներ տրվել են ադրբեջանցիներին, որոնք դրանց իրենցով են արել՝ դա պարզապես ամբողջական զտում է։