AM
20 September 2024 - 10:35 AMT

Արցախի ՄԻՊ-ն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովին

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ ունեցած վկայության ելույթի ավարտին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովին, հայտնում է «Առավոտը»։

Այն ներառում է հետևյալ կետերը․

«Ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ ՀՀ-ի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը բավարար չէ տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար։ Այս պատճառով հազարավոր տեղահանվածներ ապրում են աղքատության մեջ՝ հանդիպելով սոցիալ-տնտեսական խնդիրների, այդ թվում՝ բնակեցման և արժանապատիվ աշխատանքի հետ կապված հարցերի։

Ադրբեջանին թիրախավորող պատժամիջոցներ պետք է գործադրվեն՝ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար։ Տարածաշրջանային խաղաղության համար Ադրբեջանի նկատմամբ անպատժելիությանը պետք է վերջ դրվի։ Խաղաղություն հնարավոր չէ առանց հաշվետվողականության։ Եթե Ադրբեջանը հասկանա, որ պատերազմի միջոցով ավելիին կարող է հասնել, նա խաղաղություն հաստատելու բացարձակապես որևէ դրդապատճառ չի ունենա։

Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար։ Մենք տեսնում ենք, որ բացառապես իրավական գործիքակազմը ի զորու չէ արդյունքներ գրանցել, և միայն հզոր միջազգային ճնշման գործադրումը կստիպի Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար կալանավորվածներին, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Ադրբեջանի դեմ համապարփակ միջազգային ճնշում է անհրաժեշտ նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմն ու ոչնչացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մասնավոր սեփականության յուրացումը կանխելու համար։

Անհրաժեշտ է ստեղծել հուսալի միջազգային հարթակ միջազգային պաշտպանության ներքո Արցախի ժողովրդի՝ հավաքական, արժանապատիվ, և անվտանգ վերադարձի հնարավորությունները հասցեագրելու համար։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավքական վերադարձի խնդիրը այժմ բացակայում է հայ-ադրբեջանական բանակցային օրակարգից, ինչն անթույլատրելի է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այն խաղաղությունը, որը հիմնված է հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի և խախտված իրավունքների վրա, չի կարող կայուն և հարատև լինել»։

Շնորհակալություն հայտնելով կարևոր ելույթի և առաջարկությունների համար՝ նախագահող Քրիստաֆոր Սմիթը հավաստիացրել է, որ Հանձնաժողովը կանի ամեն հնարավորը Պաշտպան Ստեփանյանի բարձրաձայնած առաջարկներն իրականացնելու համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։