Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը՝ այն որակելով որպես էթնիկ զտում։
Նրա համոզմամբ՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը, ինչի համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։ Ըստ նրա՝ այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- եզրափակել է Թանկյանը։
Թանկյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, և 120 հազար հայեր ադրբեջանական վարչակազմի կողմից բռնի կերպով տեղահանվեցին Արցախից, այն հողից, որտեղ ապրում էին ավելի քան երկու հազար տարի։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։