Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ։
Պուտինի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»։