AM
23 September 2024 - 06:54 AMT

Sabah․ Էրդողանն ԱՄՆ–ում կբանակցի Փաշինյանի հետ

Թուրքական Sabah թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ–ում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ պարբերականի, թուրք նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նաև այլ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նշվում է, որ այդ հանդիպումներն անցնելու են Նյու Յորքում գտվող «Թուրքական տանը», որը համարվում է թուրքական դիվանագիտության խորհրդանիշը և տեղակայված է ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նյու Յորքում Էրդողանի ելույթի հիմնական թեման լինելու է իրավիճակը Գազայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։