AM
24 September 2024 - 07:12 AMT

Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի 5-րդ պաշտպանական միջազգային ADEX ցուցահանդեսին։

Պատվիրակութփյան կազմում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գուրակը, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Haqqin.az-ը։

Պատվիրակության հետ հանդիպումներում քննարկվելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը Բաքվի ցուցահանդես-վաճառքում ռեկորդային է` հասնում է 50–ի։

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական գործակցության ոլորտում առաջնորդվում են 2021-ի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում ստորագրված հռչակագրով։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Երկու երկրները բազմաթիվ համատեղ, ինչպես նաև այլ երկրների մասնակցությամբ, զորավարժություններ են անցկացնում։