Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպել է Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանին: Վերջինս Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելել էր Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն»: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզության կազմակերպության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը:
Էրդողանը շեշտել է, որ հավատում է, թե Թուրքիայի և Իրանի միջև առկա պատմական և մշակութային կապերը մշտապես դրական ազդեցություն են ունենալու երկկողմ հարաբերությունների վրա։ Էրդողանը նշել է նաև, որ հավատում է, թե նոր ժամանակաշրջանում կդիտարկվեն երկու երկրների համար շահեկան համագործակցությունների հնարավորությունները և կողմերն առաջ կշարժվեն՝ խորացնելով հարաբերությունները բոլոր ոլորտներում, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի առաջնորդի օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը «վտանգի է ենթարկվում Իսրայելի ագրեսիվության» պատճառով և շեշտել դրա դեմ «խաղաղությանը միտված քայլերի» իրականացման անհրաժեշտությունը:
Էրդողանը նշել է նաև Պաղեստինի և Լիբանանի տարածքներում տեղի ունեցող «բռնությանը» հնարավորինս շուտ վերջ տալու համար միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը:
Այս համատեքստում թուրք ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան մեծացնում է իր ջանքերը՝ Պաղեստինի տարածքում ապրող քաղաքացիական անձանց հումանիտար օգնություն հասցնելու համար:
Հանդիպումից հետո, երբ Փեզեշքիանը լքում էր «Թուրքական տունը», լրագրողները նրան հարցրել են, թե ինչպես է անցել հանդիպումը, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Լավ եղե՛ք»: