Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, երկկողմ բանակցությունների հիման վրա։
«Մենք կոչ ենք արել քայլեր ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու համար և ընդգծել այդ նպատակի համար անհրաժեշտ քաղաքական կամքի ու պատասխանատվության կարևորությունը»,- ասել է Բայրամովը, գրում է Minval.az-ը։
Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ժամանակին «բախվել է անարդարության հետ ՄԱԿ բանաձևերի չկտարաման» պատճառով և իր վրա «զգացել միջազգային իրավունքի խախտման հետևանքները»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։