AM
30 September 2024 - 11:53 AMT

«Հեզբոլլահը» հերքել է Նասրալլայի զոհվելուց հետո նոր նշանակման մասին լուրը

«Հեզբոլլահը» հերքել է կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի զոհվելուց հետո նոր նշանակումների մասին լուրերը։ Նշվում է, որ դրանք կապ չունեն շարժման ղեկավարության պաշտոնական հայտարարությունների հետ։

Իսրայելյան հարվածներից Լիբանանում Նասրալլայի զոհվելուց հետո լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին նոր նշանակումների մասին։ Մասնավորապես, լուրեր էին տարածվել, որ կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել սպանվածի զարմիկը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին օրերին Իսրայելի օդուժը զանգվածային կրակի տակ է պահում «Հեզբոլլահի» օբյեկտները Լիբանանի տարբեր հատվածներում։ Սեպտեմբերի 27–ին Իսրայելի հարվածի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, որը ղեկավարում էր այդ կառույցը մոտ 30 տարի։

Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։