AM
1 October 2024 - 07:50 AMT

Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում

Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։

«Թիրախները ընտրված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության հիման վրա՝ դրանք գտնվում են հարավային Լիբանանի սահմանամերձ գյուղերում և անմիջական սպառնալիք են Իսրայելի հյուսիսում բնակվողների համար»,– ասվում է ՑԱԽԱԼ–ի հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ն։

Իսրայելի օդուժն ու հրետանին աջակցում են ցամաքային զորքերին ճշգրիտ հարվածներով ռազմական թիրախներին։ Առավոտյան հայտարարվեց, որ Լիբանանի հարավում ինտենսիվ մարտեր են։

Լիբանանի զորքերը նահանջել են սահմանային դիրքերից։ Նշվում է, որ պատմականորեն, Լիբանանի բանակը զերծ է մնում Իսրայելի հետ խոշոր բախումներից։

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցում ասել է, որ Իսրայելի իշխանությունները տեղեկացրել էին Վաշինգտոնին «մի շարք գործողությունների» մասին, այդ թվում՝ ցամաքային, Լիբանանում։

ԱՄՆ ՊՆ ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի պաշտոնակցի հետ, որի ժամանակ կողմերը «համակարծիք են եղել հյուսիսային սահմանին ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության հարցում»՝ թույլ չտալու համար հարձակումներ «Հեզբոլլահի» կողմից։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Վերջին օրերին Իսրայելի օդուժը զանգվածային կրակի տակ էր պահում «Հեզբոլլահի» օբյեկտները Լիբանանի տարբեր հատվածներում։ Սեպտեմբերի 27–ին Իսրայելի հարվածի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, որը ղեկավարում էր այդ կառույցը մոտ 30 տարի։ Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Նա նաև պատասխանել է լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին հարցին։

«ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում»,–ասել է Աթաբեկյանը։