AM
3 October 2024 - 07:46 AMT

Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին

Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածք կտրամադրեն Իսրայելին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Նա հույս է հայտնել, որ ոչ մի երկիր նման թույլտվություն չի տա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին և չի խոցվել։ Մենք արդեն հայտնել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Հուսով եմ՝ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,–ասել է նա։

Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։

Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։