AM
3 October 2024 - 09:37 AMT

ԵԽԽՎ պատգամավորներ․ Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, անընդունելի է՝ իրավիճակն ավելի է վատթարացել

ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են իշխանություններին քննադատողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումները, ինչն անընդուելի է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար։

«Իրավիճակը սարսափելի է։ Բավական է հիշել այն, որ Բաքուն մերժեց Խոշտանգումների դեմ կոմիտեի մուտքը երկիր։ Բացարձակ անթույլատրելի է, որ ԵԽԽՎ անդամ երկրում խոշտանգումներ են կիրառվում»,–ասել է նա, գրում է Turan-ը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները վերականգնվեն, որոնցից երկիրը զրկվել է հունվարի 24–ին՝ Շվաբեն աել է, որ Ադրբեջանում իրավիճակը միայն վատթարացել է։

«Բաքուն անցանկալի անձ է հայտարարել ԵԽԽՎ 76 պատգամավորի, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել։ Երկրում աճում է քաղբանտարկյալների թիվը։ Թվում էր, թե COP29–ին ընդառաջ դրական փոփոխություններ կլինեն, բայց հակառակն ենք տեսնում»,–ասել է Շվաբեն։

Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող Լիզ Քրիստոֆերսենն իր հերթին ասել է, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, տագնապալի է, և ԵԽԽՎ–ն պետք է հստակ ազդակ ուղարկի Բաքվին, որ պետք է կասեցնել այդ բացասական երևույթները։

«Հատկապես մտահոգիչ են լրագրողների, ակտիվիստների, կառավարության քննադատների ձերբակալությունները, ինչպես նաև օրենսդրությունը, որը թույլ է տալիս կատարել դրանք։ ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանը պետք է փոխի իր վերաբերմունքը կազմակերպության հանդեպ և համագործակցի Եվրոպայի խորհրդի հետ»,–ասել է նա՝ հավելելով, որ այդ առումով Բաքվից դրական ազդակներ չկան։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Օգոստոսին Ադրբեջանում արգելել են որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։