AM
3 October 2024 - 10:47 AMT

Ըստ Հաջիզադեի՝ Միրզոյանի ելույթը Վարշավայում «հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու» նպատակ ուներ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, արձագանքելով Վարշավայում ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություններին, հայտարարել է, Արարատ Միրզոյանի ելույթը Վարշավայի ֆորումում «հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ուներ»։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համաձայն, այն է՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»,–գրել է նա։

Միրզոյանը Վարշավայում խոսել էր հայկական կողմի մտահոգությունների մասին՝ որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի ու ՀՀ տարածքների նկատմամբ։ Նա օրինակ էր բերել Ադրբեջանի կողմից օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը։

Միրզոյանը նաև ասել էր, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։