AM
3 October 2024 - 13:16 AMT

Լուկաշենկո․ Ասեք՝ ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, ամեն ինչ կանենք, ինչպես արել ենք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի և Բելառուսի միջև միջանձնային և միջպետական հարաբերությունները միահյուսված են։

«Իմ շատ մերձավոր ընկեր, իմ եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանա, որ մեր միջև փակ թեմաներ չկան։ Մեր անձնական հարաբերությունները միահյուսված են միջպետական հարաբերություններին։ Եվ դա նպաստում է հարաբերությունների այն մակարդակին, որը մենք ունենք։ Ասեք, թե մենք ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, մենք ամեն ինչ կանենք։ Այդպես էր մինչ օրս, այդպես կլինի նաև հետագայում։ Վստահ եմ, որ Ադրբեջանը ևս ամեն ինչ կանի մեզ համար, ինչ կարող է»,–ասել է նա, հայտնում է Minval.az-ը։

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ իրենք ոչ մի միջազգային նորմ չեն խախտում, և որ այդ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Լուկաշենկոն նաև ասել է, որ նոյեմբերին կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին։