ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա բարձրաստիճան օգնականները հորդորել են Իսրայելին պատասխան հարված հասցնելիս խուսափել Իրանի միջուկային օբյեկտները գրոհելուց, ինչը վկայում է Իսրայելի վրա ազդելու ԱՄՆ հնարավորությունների սահմանափակման մասին։
Վարչակազմի երկու պաշտոնյա, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, նշել են, որ այն բանից հետո, երբ Իսրայելի վրա հարյուրավոր իրանական հրթիռներ արձակվեցին, Բայդենի վարչակազմը բավարարվում է Իսրայելի արձագանքը սահմանափակելու փորձերով, այլ չի ձգտում լիովին կանխել դա, գրում է Politico–ն։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ–ն ակտիվ կապի մեջ է Իսրայելի հետ պատասխան գործողությունների թեմայով, որը կարող է ներառել նաև ռազմական հարված։ Որպես հնարավոր տարբերակ են համարվում հարվածները Եմենում և Սիրիայում իրանական ուժերին։
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։
Հոկտեմբերի լույս 1–ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «սահմանափակ» գործողություններ է իրականացնում սահմանամերձ շրջաններում ռազմականացված «Հեզբոլլահ» շարժման դեմ։