Telegram–ի հիմնադիր Պավել Դուրվը, որն օգոստոսին այցելել էր Ադրբեջան, այցի ընթացքում եղել է նաև ադրբեջանցիների կողմից էթնիկ զտման ենթարկված Արցախում։ Այդ մասին ասել է երգիչ և գործարար Էմին Աղալարովը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է, Քսենիա Սոբչակի հեղինակային «Զգուշացեք՝ Սոբչակն է» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Գիտեմ, որ նա շրջագայել է ամբողջ երկրում, եղել է Ղարաբաղում, մի քանի օր հանգրվանել է Sea Breeze»,–ասել է Աղալարովը, գրում է Minval.az-ը։
Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պատասխանելով Սոբչակի հարցերին ՝ Աղալարովն ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Դուրովը հանդիպել է Պուտինի հետ, նա նշել է, որ զուգադիպություն է համարում Դուրովի և Պուտինի այցերի համընկնումը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։