Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը զգուշացրել է, որ տարածաշրջանում կողմնակի ուժերի պլացդարմի ստեղծելու տխուր հետևանքների մասին՝ հավելելով, որ դա չի բխի տարածաշրջանային երկրների շահերից, հայտնում է Tasnim իրանական գործակալությունը։
Նշելով, որ Իրանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փեզեշքիանն ասել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի։
«Մենք հավատում ենք, որ կարող ենք անվտանգություն ապահովել և լուծել մեր խնդիրները համագործակցության միջոցով։ Դա Իրանի սկզբունքային դիրքորոշումն է, որը մենք միշտ շեշտում ենք»,–ասել է նա։
Այնուհետև, Փեզեշքիանը կոչ է արել ծրագրեր մշակել իսլամական երկրների միջև առևտրային փոխգործակցությունը հեշտացնելու համար։ Նա նաև ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային երթուղիների ընդլայնման նախաձեռնությունները` հայտարարելով, որ Թեհրանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Բաքվի հետ էներգետիկ ու գյուղատնտեսական ոլորտներում:
Իրանը պարբերաբար հանդես է գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, միևնույն ժամանակ, նշում, որ Իրանը թույլ է տալիս իր տարածքով անցումն Ադրբեջանից դեպի Նախիջևան։