AM
17 October 2024 - 10:52 AMT

Թուրքիայում ռադիոկայան է փակվել «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

Թուրքիայում ռադիոկայան է փակվել «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար՝ Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ն Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ կդադարեցնի իր գործունեությունը:

Չեղարկվել է ռադիոյի հեռարձակման համապատասխան լիցենզիան, ինչի շնորհիվ այն չի գործում արդեն հոկտեմբերի 16-ից, հայտնում է Ermenihaber-ը։

«Açık Radyon» ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իրենց հեռարձակումը դադարեցվում է ամբողջապես բյուրոկրատական և տեխնիկական դրդապատճառներով, ինչի արդյունքում էլ իրենք զրկվել են խոսքի ազատության իրավունքից:

Ռադիոյի հավատարիմ ունկնդիրների շրջանում, ինչպես նշվում է թուրքական մամուլում, տեղի ունեցողն անվանում են «կարճ ընդմիջում»: Նրանք և ռադիոյի ղեկավարությունը միտված են հնարավորինս շուտ կրկին տեսնել այն եթերում: Նրանք նաև հայտարարել են, որ անհրաժեշտ բոլոր իրավական միջոցներով պայքարելու են իրենց հեռարձակումը վերականգնելու համար:

Նշվում է, որ որոշումը կայացվել էր նախկինում ընդունված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

«Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն» ավելի վաղ նույնպես նման որոշում էր կայացրել։ Նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն, օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար: