Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, ասել է, որ քննարկել է նրա հետ ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը։
Նա հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանվելու 2 տարբերակ ունի՝ կամ միջուկային զնեք, կամ անդամակցում ՆԱՏՕ–ին, գրում է BBC-ն։
«Մենք ընտրում ենք ՆԱՏՕ–ն։ Ոչ թե միջուկային զնեքը, այլ ՆԱՏՕ–ն»,–ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ խոսակցության ժամանակ հիշեցրել է 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի մասին, որով Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից։
Զելենսկին Բրյուսելում ԵՄ առաջնորդներին է ներկայացնելու հինգ կետից բաղկացած «հաղթանակի ծրագիրը»։ Նախօրեին նա հրապարակել էր այն Ուկրաինայի Գերագույն Ռադայում, որից պարզ է դառնում, որ այն առավելապես կախված է ՆԱՏՕ–ի, ԱՄՆ–ի և մյուսների գործողություններից, ոչ թե Կիևի՝ և դա է այդ ծրագրի քննադատությունների պատճառը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում կմիանա Հյուսիսատլանտյան դաշինքին որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։ Այդ մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Նա, սակայն, անդամակցության ժամկետ չի նշել: