ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է անվանել Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին դիտարկումները։ Նա այդպես է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանն այն մասին, որ իր երկիրը ձգտում է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ, քանի որ կամավոր հրաժարվել է միջուկային զենքից, իսկ նրա անվտանգությունը երաշխավորած երկրները չեն կատարել իրենց խոստումը։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը «ոչ մի պարագայում» թույլ չի տա, որ Ուկրաինան միջուկային զենք ունենա, գրում է BBC-ն:
«Ցանկացած քայլ այդ ուղղությամբ համապատասխան արձագանք կստանա»,–ասել է նա։
Միաժամանակ, նա նշել է, որ «ժամանակակից աշխարհում միջուկային զենք ստեղծելը դժվար չէ»։
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է դա անել հիմա, դա այնքան էլ հեշտ չէ Ուկրաինայի համար: Բայց, ընդհանուր առմամբ, այս առումով մեծ դժվարություններ չկան»,- ասել է Պուտինը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, ասել է, որ քննարկել է նրա հետ ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանվելու 2 տարբերակ ունի՝ կամ միջուկային զնեք, կամ անդամակցում ՆԱՏՕ–ին։