AM
21 October 2024 - 08:09 AMT

Թբիլիսիում նախագահը միացել է ընդդիմության հանրահավաքին՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով

Հոկտեմբերի 20–ի երեկոյան Թբիլիսիում մեծ հանրահավաք և երթ է տեղի ունեցել՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով, որը կազմակերպել էին ընդդիմությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները։

Մանակիցները դեպի Ազատության հրապարակ են շարժվել 5 կետից։ Նրանք պարզել էին Վրաստանի, ԵՄ և Ուկրաինայի դրոշները, գրում է Sputnik Georgia-ն։

Այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է ակցիային։

Վրաստանի նախագահն ու ընդդիմությունն առաջիկա ընտրությունները ներկայացնում են որպես ընտրություն Եվրոպայի և ՌԴ միջև։ Իշխող «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարում է, որ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն պատերազմի և խաղաղության միջև։ Ըստ կուսակցության՝ ընդդիմությունը ցանկանում է ՌԴ հետ դիմակայության երկրորդ ճակատ բացել՝ իշխանության գալու դեպքում։

Հոկտեմբերի 26–ին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Բոլորից շատ քվեներ հավաքած կուսակցութունը կհայտարարվի հաղթող։ Եթե ընդդիմությունը խորհրդարանում մանդատների 50 տոկոսից ավելին ունենա, կկարողանա ազդել կառավարության ձևավորման վրա։