Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի այն հայտարարությունից հետո, որ չի պատրաստվում հրաժարական տալ, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժումը` ՖԱՖ–ը ակցիա է իրականացրել ՀՖՖ դիմաց, ներկայացրել է իր և հայկական բոլոր ֆան ակումբների հայտարարություն-ուղերձը, առաջիկա անելիքները։
Նրանք պահանջել են Ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը և կտրուկ գործողությունների փուլ սկսելու մասին՝ միայն ֆուտբոլային շրջանակներում, հայտնում է Panorama.am-ը։
Նրանք հիշեցրեցին, որ մոտ 10 օր առաջ պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը։
«Տևական ժամանակ սպասել ենք հրաժարականի պահանջի պատասխանին։ Այս պահին պատասխանն այն է, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի պատրաստվում հրաժարականա տալ։ Մենք, կարծում ենք, որ սա խաղի կանոնների խախտում է։ Հեղափոխությունից հետո ձևավորվել էր մշակույթ՝ հանրային պահանջից, երկրպագուների պահանջից հետո, երբ որ ֆեդերացիան ձախողում է, պետք է հրաժարական տա վերնախավը։
Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ կան տողեր, որ նա ասում է՝ մեր երազանքն է եղել սա, սա, սա… Երազանքը եղել է նաև մերը, բոլորինս։ Տարիներ անցան, մեր ոչ մի երազանք չիրականացավ։
Չի կարող ֆեդերացիայի նախագահը հայտարարել միայն պատճառների մասին, թե ինչու չի հաջողվել, թե ովքեր են խանգարել։ Ֆեդերացիայի մեր պատկերացրած նախագահը այդ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարեր։
Այս պահին մենք հայտարարում ենք, որ կտրուկ գործողությունների փուլն է սկսվում։ Կտրուկ գործողությունները լինելու են միայն ֆուտբոլային շրջանակներում։ Մենք ունենք խնդիր, դա ձախողված ֆեդերացիան է, ձախողված բոլոր ասպեկտներով»,- հայտարարվել է ՀՖՖ դիմաց։
Նրանք նաև նշել են, որ ազգային հավաքականում ևս կան խնդիրներ, սակայն դրան կանդրադառնան առանձին։
«Ազգային հավաքականը դա մեր երկիրն է, մեր զինանշանն է։ Մենք շարունակելու ենք 90 րոպե աջակցել մեր ազգային հավաքականին։
Իսկ այս պահից սկսած պահանջում ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականը։ Այսուհետ լինելու են նմանատիպ շատ վանկարկումներ՝ հեռացիր, հեռացիր, հեռացիր։
Եթե տեղի ունենա հանդիպում ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, պետք է լինի միայն հրաժարականի փոփոխությունների պայմանները, պահանջը քննարկելու համար»,- նշել են ակցիայի մասնակիցները։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հրաժարական չի տա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ միևնույն ժամանակ նշելով, որ կառչած չէ ՀՖՖ նախագահի աթոռից։ Նա նշել է, որ ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու «չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր»։