AM
22 October 2024 - 12:49 AMT

ԶԼՄ․ Իրանի ԱԳՆ–ից ասել են՝ բոլոր հարևանները հավաստիացրել են, որ չեն օգնի Իսրայելին

Իրանի հարևան երկրները հավաստիացրել են Թեհրանին, որ չեն ցանկանում և չեն օգնի Իսրայելին՝ տարածք տրամադրելով պատասխան հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին SNN հեռուստաալիքին։

«Մեր բոլոր հարևանները հավաստիացրել են, որ թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքը, նաև օդային, Իրանի դեմ»,–ասել է նա, հայտնում է Kp.ru–ն։

Իրանը մինչ այդ հայտարարել էր, որ Իսրայելի կողմից սպառնալիք կա իր միջուկային օբյեկտներին և համապատասխան բողոքներ էր հղել ՄԱԳԱՏԷ և ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։

Իրանի ԱԳ նախարարը եղել է Կատարում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում, Եգիպտոսում, Թուրքիայում և Բահրեյնում։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրսյալեը չի կարող իր գործողությունները Գազայում և Լիբանանում կատարել առանց ԱՄՆ աջակցության և հավելել է, որ եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսվի, ԱՄՆ-ն ներքաշվելու է։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ տարածաշրջանում կողմնակի ուժերի պլացդարմի ստեղծելու տխուր հետևանքների մասին՝ հավելելով, որ դա չի բխի տարածաշրջանային երկրների շահերից: