AM
23 October 2024 - 09:00 AMT

ԵԽ–ում խոսել են Ադրբեջանում քաղհետապնդումների մասին․ Ըստ Բաքվի՝ դա ԵՄ կառույցների «ագրեսիայի դրսևորում է իրենց դեմ»

Եվրախորհրդարանի աշխատատեղերի և սոցիալական իրավունքների գծով եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդտն Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ասել է, որ Ադրբեջանի որոշ քաղաքացիներ քրեական պատասխանատվության են ենթարկվում իրենց քաղաքական համոզմունքների և հայացքների համար և որ քրեական գործերը լրագրողների ու իրավապաշտպանների դեմ ունեն քաղաքական դրադապատճառներ։

Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։

Բաքվում այս հայտարարություններն անվանել են «անընդունելի, չհիմնավորված և կողմնակալ»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, հայտնում է APA-ն։

Ըստ Հաջիզադեի, դա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է։

Նա նաև հայտարարել է, թե «Եվրամիության համապատասխան կառույցների ագրեսիան Ադրբեջանի դեմ, որը շարունակվել է գրեթե 30 տարի, համակարգային խնդիրները մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի որոշ երկրներում, աճող իսլամատյացությունն ու զազրելի նոր գաղութարար քաղաքականությունը բարոյական իրավունք չեն տալի եվրահանձնակատարին խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների և Ադրբեջանի ու ՀՀ միջև խաղաղության պայմանների մասին»։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։ Պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը։