ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը։
Դեսպանությունը նաև ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկար է հրապարակել, հայտնում է Turan.az-ը։
«Դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ:
ԱՄՆ–ն կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին, հանել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։