AM
28 October 2024 - 07:20 AMT

Վրաստանի նախագահը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաների կոչ արել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց պաշտոնական տվյալներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է քվեների մոտ 54 տոկոսը։

«Ես չեմ ճանաչում այս ընտրությունները, դրանք չեն կարող ճանաչվել։ Դա նույնն է, ինչ ընդունել Վրաստանի ենթարկումը ՌԴ–ին»,–ասել է նա, հայտնում է BBC-ն։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ է արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։

«Կարելի է ասել, որ մենք դարձանք ռուսական հատուկ գործողության վկաներն ու զոհերը, որը մերը ժողովրդի, մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկն է»,–ասել է նա։

«Վրացական երազանքը» մերժում է մեղադրանքները։ Զուրաբիշվիլին, որը ժամանակին ընտրվել է «Վրացական երազանքի» աջակցությամբ, հայտարարել է, որ այժմ ինքը «միակ անկախ ինստիտուտն է երկրում»։

Վարչապետ Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ քվերակության և ձայների հաշվարկի ժամանակ կիրառված էլեկտրոնային համակարգը «զրոյացնում է մանիպուլացիաների հնարավորությունները»։

Միջազգային դիտորդներն անհանգստություն են հայտնել ընտրություններում գրանցված խախտումների վերաբերյալ և կոչ են արել հետաքննել բոլոր դեպքերը։ Միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, հայտարարել է, որ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով: Փաշինյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

«Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։