AM
29 October 2024 - 11:35 AMT

Կանադան և Շվեդիան կվերանայեն հարաբերությունները Վրաստանի հետ

Կանադան և Շվեդիան կվերանայեն հարաբերությունները Վրաստանի հետ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների «հակասական» արդյունքների պատճառով։

Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով, սակայն կշարունակի ֆինանսավորել հասարակական կազմակերպությունների նախագծերը, հայտնում է Dagens Nyheter–ը։

Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուզան իր մեկնաբանությունում նշել է, որ որոշումն ընդունվել էր դեռևս մինչև հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունները «Վրաստանում ժողովրդավարության հետընթացի և օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով»։

Նա նշել է, որ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին վերադառնա ժողովրդավարական ուղի։

Կանադայաի կառավարությունում նշել են, որ ի գիտություն են ընդունում Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ տվյալները, սակայն, մտահոգ են միջազգային դիտորդների հաղորդագրություններով՝ ընտրողներին ահաբեկելու, կաշառելու և այլ խնդիրների մասին։

«Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ»՝ զսպվածության կոչ անելով կողմերին և նշելով, որ Վրաստանի իշխանությունները պետք է հարգեն իր քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը։

Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ էր արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին, որի ժամանակ ներկայացվել են ընդդիմության անելիքները։