Հոկտեմբերի 29–ին Վաշինգտոնում մի խումք ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պատճառով։
Նրանք նաև պահանջել են, որ Բաքուն ազատի բոլոր քաղբանտարկյալներին, հայտնում է Turan.az-ը։
Նշվում է, որ այդ մասին տեղեկություններ են տարածվել սոցցանցերում։ Ակցիայի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների լուսանկարները։
Իրավապաշտպան խմբերի հաշվարկներով Ադրբեջանում 319 քաղբանտարկյալ կա։
COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։