AM
1 November 2024 - 08:25 AMT

Մոլդովայի ՍԴ-ն հաստատել է ԵՄ–ին ինտեգրվելու հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 31–ին հաստատել է Եվրամիությանն ինտեգրվելու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները, որը կայացել էր հոկտեմբերի 20–ին։

Եվրաինտեգրումն ամրագրելուն հավանություն է տվել քվեարկությանը մասնակցածների 50․3 տոկոսը։

Հանրաքվեի արդյունքներով փոփոխություններ կկատարվեն Մոլդովայի Սահմանադրության մեջ՝ հիմնական օրենքում կամրագրվի, որ եվրոպական ինտեգրումը «Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է», հայտնում է Deutsche Welle-ն։

Նոյեմբերի 3–ին Մոլդովայում նախագահական ընտրությունների 2–րդ փուլն է լինելու, որի արդյունքներից կախված կլինի նաև եվրաինտեգրման հետագա ընթացքը։

Առաջին փուլում գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն հավաքել է քվեների մոտ 42%–ը, իսկ ընդդիմադիր և ռուսամետ Սոցիալիստների կուսակցության թեկնածու, նախկին դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն անսպասելի լավ արդյունք է ցույց տվել՝ ստանալով քվեների մոտ 26%։ Եթե գումարենք ռուսամետ մյուս թեկնածուների ձայները ևս, ապա Սանդուի և Ստոյանոգլոյի վարկանիշերը գրեթե հավասարվում են, ուստի 2–րդ փուլում վճռական դեր կարող են ունենալ երրորդ հորիզոնականում հայտնված Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցության» ընտրողները։