Ծանրորդներ Էմմա Պողոսյանն ու Սուրեն Գրիգորյանը ոսկի են նվաճել ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությունում, իսկ Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր է դարձել։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների առաջնությունում: Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է 118 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտի 202 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152+191 կգ):
Ավելի վաղ, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել էր Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում գրանցելով 298 կգ արդյունք: 89 կգ քաշայինների պայքարում Վալերիկ Մովսիսյանը ևս բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:
Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։