AM
1 November 2024 - 10:46 AMT

Բլինքենն ու Փաուերը չեն մասնակցի Բաքվի COP29-ին` ի տարբերություն նախորդ տարիների

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված չէ նաև ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։

Բլինքենն ու Փաուերը մասնակցել են COP28 (Դուբայ) և COP27 (Եգիպտոս) կլիմայական համաժողովներին։

ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ջո Բայդենի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան Պատվիրակության կազմը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։

Նշվում է, որ Բայդեն-Հարիսի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ի ավելի քան 20 գերատեսչություններից, գործակալություններից և կազմակերպություններից բաղկացած պատվիրակությամբ կմեկնեն Բաքու՝ նոյեմբերի 11-22-ը կայանալիք COP29-ի համաժողովին։

COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։