Մայա Սանդուն նոյեմբերի 3–ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2–րդ փուլում վերընտրվել է Մոլդովայի նախագահի պաշտոնում։ Նախնական տվյալներով, նա հավաքել է ձայների ավելի քան 55․4%–ը՝ հաղթելով ռուսամետ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, որը ստացել է քվեների 44․59%–ը։
«Մոլդովա, այսօր դու հաղթանակ տարար։ Միասին մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության ուժն ու հավատարմությունն արժանապատիվ ապագային»,–գրել է Սանդուն X-ի իր միկրոբլոգում։
Ընտրությունների առաջին փուլից հետո Մոլդովայի իշխանությունները հայտարարել էին ընտրություններին «Ռուսաստանի զանգվածային միջամտության» մասին, գրում է Deutche Welle-ն։
Մոլդովայում կասկածում են, որ առաջին փուլի ժամանակ ինքնաթիռներով ընտրողների կազմակերպված փոխադրում է տեղի ունեցել Մոսկվայից Ադրբեջան, Բելառուս և Թուրքիա։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը։
Առաջին փուլում գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն հավաքել էր քվեների մոտ 42%–ը, իսկ ընդդիմադիր և ռուսամետ Սոցիալիստների կուսակցության թեկնածու, նախկին դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն անսպասելի լավ արդյունք է ցույց տվել՝ ստանալով քվեների մոտ 26%։
Ընտրությունների 1–ին փուլի հետ միաժամանակ ԵՄ–ին անդամակցելու հանրաքվե է անցկացվել, որը դրական արդյունք է ունեցել և որը հաստատվել է երկրի ՍԴ կողմից։