AM
4 November 2024 - 10:00 AMT

Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի

Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի՝ այն կտեղակայվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և կունենա 6 բաց և 4 փակ կորտ: Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև ասվել է, որ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ:

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: Տեխնիկական բնութագիրն արդեն պատրաստ է, կհայտարարվի նախագծի մրցույթ: