Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ Այդ մասին ասված է նախագահների ռազմավարական գործընկերության ամրապնդման հայտարարության մեջ, որը նրանք արել են Ղազախստանի նախագահի Փարիզ այցի շրջանակներում։
Ըստ Մակրոնի և Տոկաևի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմաթիի հռչակագիրը։ Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար, հայտնում է «Ազատությունը»։
Նախագահները նաև վերահաստատել են գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության, անվտանգության և կայունության խթանման իրենց համատեղ հանձնառությունը:
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Սա չգաղտնազերծվող փաստաթղթի 11-րդ խմբագրությունն է։ Մինչ այդ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։