AM
6 November 2024 - 11:35 AMT

Պուտինը մտադիր չէ շնորհավորել Թրամփին, բայց բաց է երկխոսության համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորելու Պուտինի մտադրության մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակի և անուղղակիորեն ներքաշված է մեր պետության դեմ պատերազմում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Միևնույն ժամանակ, Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահը նախկինի պես պատրաստ է ԱՄՆ հետ երկխոսության։

Նա հավելել է, որ Վաշինգտոնի տրամադրվածությունը պարզ կդառնա 2025–ի հունվարին, երբ ԱՄՆ նոր նախագահը ստանձնի պաշտոնը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Պուտինը բազմիցս է ասել, որ բաց է կառուցողական երկխոսության համար՝ հիմնված արդարության, հավասարության և միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա։ Եվ Պուտինը պահպանում է իր այդ տրամադրվածությունը, նա բազմիցս հաստատել է դա։ ԱՄՆ վարչակազմում այժմ տրամադրվածությունը ճիշտ հակառակն է։ Թե ինչ կլինի հունվարին, կտեսնենք»,–ասել է նա։

ԱՄՆ նախպագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին, թեև ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։ Նա արդեն առաջին շնորհավորանքներն է ստանում։ Նրան արդեն շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։