AM
7 November 2024 - 07:15 AMT

Հարիսն ու Բայդենը շնորհավորել են Թրամփին․ «Պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները»

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան։ Թրամփին շնորհավորել է նաև գործող նախագահ Ջո Բայդենը։

Ավելի ուշ Հարիսը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ պետք է ընդունել ընտրությունների արդյունքները։

«Ժողովրդավարությունն այն է, երբ պարտվածը հեռանում է, ճանաչում քվեարկության արդյունքները, այլ ոչ թե վիճարկում դրանք։ Այդպես է արտահայտվում իրական հարգանքն ընտրողի հանդեպ»,–ասել է նա։

Նա նաև կոչ է արել իր կողմնակիցներին չհուսահատվել և հավատալ, որ այս պարտությունը «լոկ մի մարտ էր ժողովրդավարական արժեքների համար պայքարում, որն անպայման կավարտվի հաղթանակով», գրում է BBC-ն։

«Ես գիտեմ՝ շատերին թվում է, որ մութ ժամանակներ են գալիս, բայց ես հուսով եմ, որ դա այդպես չէ»,– ասել է նա։

Հարիսը նաև խոստացել է նպաստել իշխանության խաղաղ փոխանցմանը Թրամփի վարչակազմին։

Ընտրության արդյունքները դեռևս վերջնական չեն, սակայն Թրամփի հաղթանակը կասկած չի հարուցում և նա արդեն շնորհավորանքներ է ընդունում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից։ Նրան շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս անգամ դեմոկրատները պարտվել են նաև Կոնգրեսի ընտրություններում, որտեղ, ամենայն հավանականությամբ, մեծամասնություն կկազմեն հանրապետականները։ Պայքարը Ներկայացուցիչների պալատում մեծամասնության համար շարունակվում է։ Արդեն հայտնի է, որ հանրապետականները մեծամասնություն կունենան Սենատում, որի 100 տեղից 52-ը նրանցն է, բայց այստեղ ևս ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարել էր, որ պաշտոնապես չի սատարում ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի: Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում էին՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: