Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին, որոնք ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը, այդ թվում՝ ՀՀ–ի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի միջոցով: Մեկը չպետք է տեղի ունենա առանց մյուսի»,- ասել է Մակրոնը, հայտնում է Արմենպրեսը։
Մակրոնն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խթանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Նա նշել է, որ խաղաղությունը հասանելի է և հնարավոր կլինի իրականացնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու միջոցով։
«Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի կայունությանը։ Ֆրանսիան լիովին աջակցում է Ձեր ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները դյուրացնելու նպատակով»,- ասել է Մակրոնը։
Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունների զարգացման համար։
Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։