Իտալիայի 39 խորհրդարանական Բաքվում անցկացվելիք՝ ՄԱԿ կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29–ի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։
Նրանք կոչ են անում կառավարությանը հորդորել ադրբեջանցի գործընկերոջը որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ապահովի նրանց տուն վերադարձը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,- Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,
Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,
Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,- ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,
Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։
Ավելի վաղ COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։