AM
11 November 2024 - 11:44 AMT

Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցել է Ադրբեջանի դեսպանատան մոտ «Ալիևը բռնապետ է» կարգախոսով ցույցին

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը մասնակցել է նոյեմբերի 11–ին Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային։

«Իլհամ Ալիևը բռնապետ է» կարգախոսի ներքո անցկացված բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող քաղբանտարկյալներին, քննադատում էին ՄԱԿ-ին COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելու որոշման համար, հայտնում է «Ազատությունը»։

«COP-29-ը քաղաքական երեսպաշտության օրինակ է», – գրված էր այն կարգախոսի վրա, որ ադրբեջանական դեսպանատան առջև պարզել էր Թունբերգը։

Ավելի վաղ Թբիլիսիում գտնվող Թունբերգը հայտարարել էր, որ բոյկոտելու է և չի մասնակցելու Բաքվում կայանալիք COP29–ին՝ մեղադրելով Ադրբեջանին հայերի էթնիկ զտում իրականցնելու մեջ։ Նա նաև մեղադրել է համաշխարհային վերնախավին, որը «երեսպաշտորեն գագաթնաժողովն անցկացնելու է նավթային երկրում»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մինչ օրս փակ են։