Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովի երկրների ղեկավարների գագաթնաժողովի բացման իր ելույթում մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, Արցախի դեմ սանձազերծած պատերազմն ու հայաթափումն անվանել է «միջազգային իրավունքի վերականգնում» և խոսել իր «պատմական հաղթանակի» մասին։
Էթնիկ զտումը «միջազգային իրավունքի վերականգնում» անվանող բռնապետը, որն անընդմեջ կառավարում է երկիրը արդեն 20 տարուց ավելի, դժգոհել է Բաքվում COP29-ն անցկացնելու դեմ «բոյկոտի կոչերից և զրպարտչական արշավից»։
«Չորս տարի առաջ մենք տոնեցինք մեր պատմական հաղթանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Մեկ տարի առաջ մենք ամբողջովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համաձայն։ Մենք ինքներս իրականացրեցինք այդ բանաձևերը՝ վերականգնելով միջազգային իրավունքը, արդարությունը և վերջ դնելով հայկական օկուպացիային»,- հայտարարել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։
Ալիևը նաև նավթի ու գազի ռեսուրսների առկայությունն անվանել է «Աստծո պարգև»՝ նշելով, որ 2 տարի առաջ Ադրբեջանն ու Եվրահանձնաժողովը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել և դա արվել է Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ։
«Դա մեր գաղափարը չէր։ Դա Եվրոպական հանձնաժողովի առաջարակն էր՝ նրանց պետք էր մեր գազը և նրանք խնդրում էին օգնել իրենց»,–ասել է նա։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։